«Շուշիի ազատագրումը հանդիսանում է հայ ժողովրդի պատմական հիմնակետը»,-այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը: Նրա խոսքով, այն մեր անկախության պատմության մեջ մեծ նշանակություն ունի:
Գեներալ-գնդապետը, ով մասնակցել է Շուշիի ազատագրմանը, նշեց, որ այն ունեցել երկու հիմնական նպատակ: Առաջինը հայրենասիրականն էր` վերադարձնել մեզ պատկանող հողերը և երկրորդը` միջանցք բացել դեպի ԼՂ, որպեսզի կարողանայինք օգնել տնտեսական և ռազմական առումնեով: «91 թվականին Ադրբեջանը փակել էր դեպի Ղարաբաղ տանող բոլոր ճանապարհները»,-պարզաբանեց Գուրգեն Դալիբալթայանը:
Գեներալ-գնդապետը պատմեց, որ Շուշիի ազատագրումը նախատեսված էր ավարտել դեռ մայիսի 8-ին, սակայն որոշ հանգամանքներով պայմանավորված օպերացիան մեկ օր ուշ ավարտվեց: Նա շնորհավորեց ողջ հայ ժողովրդին Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ: Գեներալ-գնդապետը պատմեց, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը մեծ տոկունություն է ցուցաբերել հատկապես օկուպացիայի ժամանակ: «Ոչ մի ժողովուրդ նման վիճակի չէր դիմանա»,-ասաց նա: Գուրգեն Դալիբալթայանն ընդգծեց, որ այդ պատերազմին մասնակցել է աշխարհի ողջ հայությունը և յուրաքանչյուրն իր ձևով նպաստել է դրա հանգուցալուծմանը:
Անդրադառնալով այսօրվա իրավիճակին գեներալ-գնդապետն ասաց. «Ես հավատացած եմ, որ եթե մեր հավանական թշնամիները նորից փորձեն մեր ուժերը, ապա հզոր պատասխան կստանան: Մեր զինված ուժերը պատրաստ են հակահարված տալու, թե տեխնիկապես և թե տակտիկապես»: