ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուղերձ է հղել ՀՀ պատերազմի, աշխատանքի եւ իրավապահ մարմինների վետերանների միավորման 8-րդ համագումարի մասնակիցներին, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Կան խնդիրներ, որոնք պետք է լուծենք միասնաբար: Մենք պատրաստ ենք համագործակցության ու համատեղ աշխատանքի»,- ասել է Սարգսյանը՝ համագումարի մասնակցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:
«Տեղյակ ենք, որ ձեր կազմակերպությունը` արդեն ավելի քան երկու տասնամյակ, ծավալում է իր ակտիվ ու բեղուն գործունեությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, ներկայացնում է մեր երախտավորների` վետերանների, շահերն ու մտահոգությունները»,- ասված է կառավարության ղեկավարի ուղերձում:
Վարչապետը նշել է, որ վետերանների կազմակերպությունը կարևոր ու շնորհակալ աշխատանք է կատարում երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում, ուժերի ներածին չափով սատար է կանգնում այն վետերաններին, ովքեր օգնության և ուշադրության կարիք ունեն:
«Այդ աշխատանքն առանձնակի կարևորվում է պետականության կայացման ու զարգացման այս շրջանում»,- նշված է ուղերձում:
«Վերջին տասնամյակների ընթացքում մենք ունեցանք կորուստներ ու ձեռքբերումներ, որոշակի փոփոխություն կրեցին մեր արժեքները, սակայն ակնածանքն ու հարգանքը ավագ սերնդի` մեր վետերանների նկատմամբ, չի խամրել և չի արժեզրկվել: Ձեզանից շատերը զենքը ձեռքին պաշտպանել են հայրենիքը, իրենց աշխատանքով են հավաստել նվիրումը Հայաստանի զարգացմանն ու բարգավաճմանը: Մենք դա չենք կարող մոռանալ»,- ասել է վարչապետը:-0-